Տարօրինակ ժողովուրդ ենք հայերս: Նստել՝ իրար անպատվելով պեղում ենք Ամուլսարի տանջահար խնդիրը, կատարյալ մոռացության մատնելով այն մոլորակացունց նորությունը, որ համաշխարհային բնապահպանական շարժման մեջ հառնել է մի նոր աստղ, որի ցասումնալից ընդվզումը ուղղված է ոչ թե հօգուտ ինչ-որ տեղային (ասենք, հայկական) անհարթության, այլ ի բարօրություն համայն Երկրագնդի բնապահապանական անաղարտության, ընդդեմ նրա բնակլիմայական կործանարար փոփոխությունների (տաքացման)՝ որպես արդյունք մարդկային ապաշնորհ գործունեության: Ո՜նց ենք գավառամտորեն բաց թողնում հանրահռչակ օտարին օգտագործելու գայթակղիչ պատեհությունը:
Բայց ո՞վ է այս նորահայտ համամարդասեր խիզախ ու անձնվեր անհատականությունը, որ մռնչում է մոլորակը վնասակար գազերով աղտոտող մարդ կոչված արարածների դեմ: Դեռատի Գրետա Թունբերգն այսօր ամենահանրաճանաչ բնապահպանն է աշխարհում, որը նզովում է անպատասխանատու մեծահասակներին այն բանի համար, որ նրանք «գողացել են իր մանկությունը»: Մոլորակի ողջ առաջադեմ հասարակայնությունը արդեն պատվել է Գրետային, նրան հրավիրել են Դավոս, նա դարձել է Բելգիայի համալսարաններից մեկի պատվավոր դոկտոր, նրան ընդունել է Հռոմի պապը, նա ըմբոստ ելույթ է ունեցել ՄԱԿ-ում... Իսկ առջևում Նոբելյան մրցանակի ուրվականն է: Ի՜նչ համեմատություն Ամուլսարի փակման ջատագովների հետ:
Իսկապես, իրականում ո՞վ է տանջված դեմքով այս հնամոդա տասնվեցամյա աղջնակը: «Հոգեհիվանդ հիստերիկ շվեդ աղջիկը գլոբալ խելահեղության նոր դրոշն է». սա ռուսական թերթերից մեկի բնորոշումն է: Անտա՞կտ արտահայտություն է: Այդ դեպքում եկեք հենց սկզբից ծանոթանանք նրա հոգեվիճակի բժշկագիտական ախտորոշումներին: Ներող եղեք, եթե անհաջող թարգմանենք հիվանդությունների արտասովոր անվանումները: Եվ այսպես, աղջնակը տառապում է Ասպերգերի սինդրոմով (աուտիստիկ հոգեխանգարում), օբսեսիվ-կոմպուլսիվ խանգարումով (ժառանգական հոգեկան հիվանդություն, որը բնորոշվում է սևեռուն մտքերով, պաթոլոգիկ վախերով, միօրինակ գործողություններով), ուշադրության պակասի և գերակտիվության սինդրոմով և սելեկտիվ մուտիզմով: Լավ, ո՜վ եղավ այս անհաս աղջնակը, որին հետևում են ոչ միայն հարյուրհազարավոր անչափահասներ, այլև բազում ձևավորված մեծահասակներ: Ի վերջո ի՜նչ է հասկանում նա կլիմայական փոփոխություններից, երբ հաճախ մասնագետ գիտնականները գլուխ չեն հանում դրանցից: Ոչ մի վստահություն չկա, որ տեղի է ունենում գլոբալ տաքացում, հավաստում են ռուս օդերևութաբանները: Կլիման իրոք փոխվում է, սակայն այն միշտ էլ փուլային փոփոխություններ է կրել՝ մերթ տաքանում է, մերթ ցրտում: 1974 թվականին անգլիական հեղինակավոր «Գարդիան» թերթը կանխատեսում էր հրապարակել, ըստ որի 2020 թվականին Լոնդոնը կհայտնվի օվկիանոսի ալիքների տակ: Օրինակները բազմաթիվ են: Մեկ հրաբուխը, ժայթքելով, ավելի շատ ածխաթթվային գազ է արտանետում, քան մարդկությունը երկար տարիների ընթացքում: Կլիմայի փոփոխությունները, ընդունում են գիտնականները, մարդուց կախված չեն, դրանք արդյունք են արևային ակտիվության, որն անտարբեր է գրետայական դասադուլների նկատմամբ:
Սակայն մի կողմ թողնենք խնդրի գիտական կողմը: Այնուամենայնիվ, ո՞րն է անկատար հոգեբանության տասնվեցամյա շվեդուհու ֆենոմենը: Եվ ամեն ինչ պարզ է դառնում, երբ խնդիրը հագեցվում է գլոբալիստների՝ աշխարհի հզոր տիրակալների, համաշխարհային կառավարության, ինչպես կուզեք՝ անվանեք, ընթացիկ թե հեռանկարային ծրագրերին: Չլիներ Գրետան, գլոբալիստների համար ոչ մի դժվարություն չէր ներկայացնի ընտրել նրա նման ուրիշ մեկի: Գաղտնիք չէ, որ Եվրոպան սիրում է ամեն տեսակի... փոքրամասնությունների՝ սեռական թե քաղաքական: Փոխարենը, ահա, առիթ է թանկացնելու կյանքը, բարձրացնելու հարկերը, ձգելու գոտիները, «զարգացնելու» թանկարժեք կանաչ էներգիան, հնարելու նոր սննդամթերքներ և այլն, և այլն: Դասական գլոբալիստական խաղեր, որոնց նպատակը ոչ թե սեփական մոլորակայինների կյանքի դյուրացումն է, այլ խճողումը, նրանց ուշադրության շեղումը իրական կենսական հոգսերից: Ավելի լավ է մարդը մրսի կամ անժամանակ հեռանա կյանքից, քան օգտվի նավթից կամ ածուխից ստացվող էներգիայից: Կամ այդ անպիտան ջերմոցային գազերը... Ավելի լավ չէ՞ հետևել նորեվրոպական գերքաղաքակրթական առաջարկին՝ օգտագործել... մարդկային միսը, ինչի մասին նորերս իրազեկվեցին նաև «Իրատեսի» պայծառամիտ ընթերցողները: Եվ նվիրյալ «ազնիվ ու անկեղծ» գրետաները, ոչինչ, եթե նրանք նույնիսկ մի քիչ հոգեկան խանգարումներ ունեն, հիանալի գործիք են ուժեղագույնների ձեռքին:
Օրերս Ռուսաստանում կայացած միջազգային տնտեսագիտական համաժողովում բնապահպանական նորագույն հեղինակության մասին հիշեցրին նաև նախագահ Վլադիմիր Պուտինին: Ռուսաց պետության ղեկավարը անսեթևեթ բացասաբար արտահայտվեց «գրետայականության» մասին: Եվ հասկանալի պարզ պատճառով (ճիշտ է, նա հրապարակավ չբացահայտեց նրբությունները): Ռուսական նավթն ու գազը համեմատաբար էժան են, դրանք ձեռնտու և մատչելի են եվրոպացիներին: Սակայն ինչու՞ շանս տալ աշխարհի հզորներին չլսող ռուսներին, եթե կա հնարավորություն դպրոցականների «խաչակրաց» արշավանքների միջոցով (քողարկված պատժամիջոց) ևս մրսող եվրոպացիների վզին փաթաթել ամերիկյան խտացված թանկարժեք գազը կամ շատ ավելի թանկարժեք, բայց անաղարտ կանաչ էներգիան: Դե, Գրետայի ամոթանքներից առաջին հերթին ովքեր պիտի գետինը մտնեն ու թանկ վճարեն: Իհարկե եվրոպացիները: Պետք է պատժել ֆրանսիացի լպիրշ դեղնաբաճկոնավորներին, որոնք արհամարհելով գրետայական մոլորակասիրությունը, աներեսաբար մարտնչում են դիզելային վառելիքի վրա բնապահպանական նոր հարկ դնելու մակրոնական նախաձեռնության դեմ:
Ափսոս Գրետայի մայրը հրեա է: Այ, եթե նա հայուհի լիներ, ապա Ամուլսարի վերագործարկման հակառակորդները ամենայն հավանականությամբ նրան շուքով կլծեին «պատմական» հայրենիքը բնապահպանական աղետից փրկելու ազնվաբարո առաքելության իրականացման գործին:
Ռուբեն ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
Մոսկվա